Ամերիկաբնակ երգիչ, երգահան ԷԼՈՆ ՍԱՐԱՖՅԱՆԸ 30 տարվա ընդմիջումից հետո հայրենիքում էր: Եկել էր ընտանիքի հետ` կնոջ և երեք երեխաների: «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ երեխաներն առաջին անգամ են Հայաստանում:
Էլոն Սարաֆյանը հեղինակ է չորս տասնյակ երգերի:
Գրում է ընտանիքի մասին, ընկերների, հայրենիքի, հայոց լեզվի, չի շրջանցում նաև քաղաքական թեմաները: Ներկայումս աշխատում է իր չորրորդ սկավառակի վրա: Ամռան վերջին Լոս Անջելեսում կկայանա մենահամերգ, կներկայացվի նաև նոր ձայնասկավառակ-ալբոմը: Լոսանջելեսյան համերգին կհաջորդի երևանյան համերգը: Ամերիկաբնակ երգահանը վստահեցրեց, որ նոր երգերը ներկայացնելու է նաև հայրենիքում: Կեսկատակ, կեսլուրջ հավելեց` այս անգամ բացակայությունը, իհարկե, 30 տարի չի տևի:
-Ձեր երեխաները հայերեն գիտե՞ն:
-Այո, իհարկե:
-Ձեր կինը հայուհի՞ է:
-Իհարկե:
-Շատ դեպքերում ծնողները հայախոս են, բայց նրանց երեխաները չեն տիրապետում հայերենին:
-Դժվար է, չես կարող մեղադրել, մանավանդ եթե չես ապրում այն քաղաքամասում, որտեղ հայերն են հավաքված: Նոր սերունդը նախընտրում է անգլերեն խոսել: Իմ երեխաները երկու լեզվով էլ խոսում են:
-Ինքնությունը, լեզուն կորցնելու վտանգը Դուք Ձեր մաշկի վրա եք զգում: Պայքարի միջոց տեսնո՞ւմ եք:
-Ես երգեր ունեմ այդ թեմայով գրված: ՈՒզում եմ իմ երգերով, երաժշտությամբ սնել նոր սերնդին: Բայց, իհարկե, եթե ոչ այս, մյուս սերնդի համար ինքնությունը պահպանելու, հայերենին տիրապետելու խնդիրներն ավելի շատ են լինելու: Թեև, հիմնականում, ծնողները ջանք չեն խնայում, որ երեխաները խոսեն հայերեն:
-Համերգներ ունենո՞ւմ եք Միացյալ Նահանգներում:
-Ես գրում եմ, բայց համերգներով հազվադեպ եմ ներկայանում: Մասնագիտությամբ համակարգչային ինժեներ եմ, երաժշտությունն ինձ համար հոբբի է: Ավելի շատ համերգների մասնակցում եմ երաժիշտ ընկերներիս օգնելու համար: Իմ համերգների համար, որպես կանոն, վարձատրություն չեմ վերցնում (հիմնականում բարեգործական բնույթի են): Սխալ է, թե ոչ, չգիտեմ: Դա իմ անձնական որոշումն է:
-Ձեր երգերն ուրիշները երգո՞ւմ են։
-Ոչ:
-Հայաստանում ճանաչո՞ւմ են երգահան Էլոն Սարաֆյանին:
-Ճանաչում են, գիտեն երգերս, փողոցում մոտենում են, խնդրում լուսանկարվել: Պուշկինի փողոցում պատանիներ մոտեցան, ասացին, որ երգերն են սիրում, անգիր գիտեին երգերիս բառերը: Դա ավելին է ինձ համար, քան եթե հինգ հազար հոգի մի տեղ հավաքվեն` երգերս լսելու:
-Տարիների ընթացքում ձուլվո՞ւմ ես օտար միջավայրին, թե՞, մեկ է, օտարության զգացումը երբեք չի լքում:
-Ոչ, իհարկե, զգում ես, որ օտար երկրում ես ապրում, զգում ես, որ քո երկիրը չէ: Ես 30 տարի չեմ եղել Հայաստանում: Բայց հենց առաջին օրը, երբ դուրս եկա փողոց, քայլեցի, այնպիսի զգացողություն էր, որ երեք տարի էլ չի անցել:
-Չի՞ փոխվել Երևանը:
-Ոչ, նույնն է:
-Շենքեր են ավելացել, շենքեր են քանդվել:
-Դրանք ընդամենը շենքեր են: Զգացողությունը նույնն է: Օրինակ, առավոտյան «Նաիրի» կինոթատրոնի մոտից պոնչիկ (փքաբլիթ) գնեցինք: Գնացինք Կիևյան փողոց, որտեղ ծնվել, մեծացել եմ: Մեր տունն այլևս չկա, այնտեղ «Բարեկամություն» մետրոյի մուտքն է, բայց շատ բաներ նույնն են: Դալանի ներսի տները պահպանվել են, Փոսի դպրոցը կա, ճիշտ է, մի մեծ շենք է ավելացել դիմացը, բայց, կրկնում եմ, դրանք ընդամենը շենքեր են: Երևանը նույնն է իր մարդկանցով, աղմուկով, երթևեկությամբ, իր ջերմությամբ:
-Մեզ մոտ շատ հայտնի է Ձեր «Հայ աղջիկ» երգը: Ինչպե՞ս ծնվեց այն:
-Շատ լավն են մեր աղջիկները: Չեմ ուզում սխալ արտահայտվել, բայց, ինչպես երգում եմ ասում, «քամին տանում է նրանց բուրմունքը նաիրյան»: Ասում եմ նաև` «զարթնեք, հայ մայրեր»... ձեր ծնողական պարտքն է օտար միջավայրում իբրև հայ մեծացնել ձեր զավակներին: Ես իմ երեխաներին նույն բանն եմ ասում: Հակառակ դեպքում սփյուռքում հայությունը կվերանա:
-Հեղինակային երգը քիչ ունկնդիր ունի: Ամենո՞ւր է այդպես:
-Այո: Պիտի բառերը լսես, երաժշտությունը գնահատես: Մեծ մասը գերադասում է ավելի ռիթմիկ, այսպես ասած` «լսվող» երգեր:
-Եթե նույնիսկ կենդանի հնչողությամբ չեն երգում: Ի դեպ, ասում են` ֆոնոգրաման արգելող օրենքի կիրառումից հետո հայաստանյան շատ երգիչների համերգային «հաղթարշավը» տեղափոխվել է սփյուռք:
-Ճիշտ են ասում: ԱՄՆ-ում բոլոր այն համերգներին, որ գնացել եմ, անխտիր ֆոնոգրամայով են երգել: Դեպքեր են եղել, որ երգը չվերջացած` երգիչը բարձրախոսը հեռացրել է դեմքից: Դա նշանակում է խաբել հանդիսատեսին: Տոմս են գնում, որ քո երգը լսեն, հակառակ դեպքում՝ տանը կնստեին, ձայնագրությունը կլսեին: Այդ ձևով ես ամեն շաբաթ համերգ կտայի: Գուցե ոմանք նեղանան, բայց, իմ կարծիքով, եթե դու երգիչ ես, պետք է և՛ ստուդիայում լավ երգես, և՛ կենդանի հնչողությամբ:
-Համացանցը հնարավորություն տալիս է երգերը ներկայացնելու, տարածելու, բայց տեսահոլովակ, որպես այդպիսին, կարծես, չունեք:
-«Հայ աղջիկ» երգի 12 տարբերակ է շրջանառվում համացանցում: Երկրպագուներս են պատրաստել: Չես կարող վերահսկել: Մեկն էլ Սերժ Թանկյանի նկարով էր տեղադրել: Տեսահոլովակը կարևոր է երգի տարածման առումով: Երբեմն ինձ հարցնում են՝ ե՞րբ կլինի նոր սկավառակը: Ժամանակ է պետք, որ թողարկեմ: Ես աշխատում եմ: Արմեն Մովսիսյանը յոթ տարվա դադարից հետո վերադարձավ նոր սքանչելի երգերով: Հաճելի է լսել այդ երգերը: Հեղինակային երգեր են, երգահանը արտահայտում է իր մտորումները:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Հպարտ եմ, որ հայ եմ: Ամեն բան կանեմ, որ զավակներս էլ հայ մնան: Չփոխվենք, մնանք այնպիսին, ինչպիսին եղել ենք, ինչպիսին կանք:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ